«Կարծիք»-ի աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ բացահայտվում է մի կապ, որը տասնյակ տարիներ քողարկվել է։ Ռոբերտ Քոչարյանի և Իլհամ Ալիևի քաղաքական շահերի ու նպատակների միասնական ճակատը և հակասերժսարգսյանական գործողությունների մոլուցքը ձևավորել են մի «ալյանս», որի ֆինանսական և կազմակերպչական առանցքում շրջանառվում է նաև ադրբեջանցի, ռուսաստանաբնակ միլիարդատեր Գոդ Նիսանովի անունը։ Մեր աղբյուրների համաձայն՝ Նիսանովի և այլոց միջնորդությամբ տարիներ շարունակ զգալի ֆինանսական և կազմակերպչական ռեսուրսներ են ուղղվում մեկ հստակ նպատակի՝ լայնածավալ տեղեկատվական արշավ իրականացնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, նրա քաղաքական թիմի, արցախցիների և Արցախի դեմ՝ շրջանառության մեջ դնելով կեղծ տեղեկություններ, մանիպուլյատիվ թեզեր և ապատեղեկատվություն։ Նույն տեղեկությունների համաձայն՝ այս պատվիրված և հստակ թիրախավորված արշավն իրականացնելու համար Ռուսաստանի Դաշնությունում գործի է դրվել Ռոբերտ Քոչարյանի հետ կապվող մեդիա և ազդեցության ռեսուրսների զգալի մասը։ Այս համատեքստում մեր աղբյուրները մատնանշում են նաև Դմիտրի Կիսելյովի և Վիկտոր Սողոմոնյանի անունները՝ նրանց վերագրելով քարոզչական թեզերի ձևավորման, համակարգման, միջնորդավորման և ռուսաստանյան տեղեկատվական հարթակներում դրանց տարածման գործընթացում դերակատարություն։ Տեղեկատվական դաշտ են նետվում նույն ուղղվածությունն ունեցող թեզեր, մանիպուլյատիվ հրապարակումներ և նյութեր, որոնց քաղաքական թիրախը նույնն է՝ Սերժ Սարգսյանը, նրա քաղաքական թիմը և արցախցիները։ Այստեղ խոսքը պարզապես ներքաղաքական պայքարի կամ նախկին նախագահների միջև քաղաքական հակասությունների մասին չէ։ Խոսքը կազմակերպված տեղեկատվական պատերազմի մասին է, որտեղ քաղաքական հակառակորդին հարվածելու համար օգտագործվում են ֆինանսական միջոցներ, մեդիա ռեսուրսներ, ազդեցության կապեր և կեղտոտ մեդիատեխնոլոգիաներ։ Այդ գործընթացում ուս ուսի գործում են Ադրբեջանի ազդեցության տակ գտնվող ռուսաստանաբնակ ադրբեջանցիների և Ռոբերտ Քոչարյանի ազդեցության շրջանակներում գտնվող անձանց ու մեդիա ռեսուրսների մի մասը՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի։ Նպատակը նույնպես հստակ է ներկայացվում՝ ամեն գնով վարկաբեկել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ստվերել նրա քաղաքական թիմի գործունեությունը, հարվածել արցախցիների հեղինակությանը և պառակտում մտցնել հասարակության ու արցախցիների շրջանում։ Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանի դեմ այս արշավում Ռոբերտ Քոչարյանի քաղաքական շահերը ոչ միայն համընկել են Իլհամ Ալիևի և ադրբեջանական ազդեցության շրջանակների շահերի հետ, այլև այդ համընկնումը ստացել է ֆինանսական, կազմակերպչական և մեդիա համագործակցության ձև։ Եթե այս տեղեկությունները ստանան փաստաթղթային հաստատում, ապա գործ կունենանք որակապես այլ իրավիճակի հետ, և կատարվածն այլևս հնարավոր չի լինի ներկայացնել որպես սովորական քաղաքական մրցակցություն։ Երբ անձնական քինախնդրությունն ու քաղաքական ամբիցիաները գերակայում են պետական և ազգային շահին, քաղաքական հակառակորդի դեմ պայքարում դաշնակիցներ կարող են փնտրվել նույնիսկ հակառակորդի ճամբարում՝ չխորշելով կեղծիքից, ապատեղեկատվությունից և մանիպուլյացիայից։ Հենց այդ պատճառով այս պատմության առանցքային հարցերը պետք է ստանան հստակ պատասխաններ․ ո՞վ է ֆինանսավորում այս արշավը, ո՞ւմ միջոցով են շարժվում ֆինանսական միջոցները, ո՞վ է համակարգում մեդիա աշխատանքը և, վերջապես, ո՞ւմ քաղաքական շահերն է իրականում սպասարկում Սերժ Սարգսյանի և նրա թիմի դեմ իրականացվող այս տեղեկատվական պատերազմը։ Սակայն այս պատմության ամենակարևոր մասն այլ տեղ է։ Ռուսաստանում այս ցանցը բացահայտվել է, և ՌԴ իշխանությունները հասկացել են, որ տեղի է ունենում կոնկրետ փոխշահավետ գործարք՝ նաև ընդդեմ Ռուսաստանի շահերի։ Այս «ալյանսը» զրկվել է բոլոր հնարավորություններից և ռեսուրսներից, քանի որ նրանք հասկացել են և ուղիղ ասել, որ Քոչարյանը տարիներ շարունակ իրենց ստում էր, այնպես, ինչպես ստել է նաև 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ՝ պնդելով, որ առնվազն 15% ձայն կտանի։
Վերլուծություն
Քոչարյանի և Ալիևի մեդիադաշինքը․ ովքեր և ինչպես են ֆինանսավորում Սերժ Սարգսյանի դեմ արշավը

Սկզբնաղբյուր: KARTSIQ