Նիդեռլանդների նյարդաբանության ինստիտուտի գիտնականներն անհաս նեյրոնների առանձնահատկություններ են հայտնաբերել այն մարդկանց մոտ, ովքեր Ալցհեյմերի հիվանդությանը բնորոշ ուղեղի փոփոխությունների պարագայում կարողացել են պահպանել են ճանաչողական ունակությունները։ Տարբերությունները հիմնականում վերաբերել են բջիջների ակտիվությանը, ոչ թե դրանց քանակին։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Cell Stem Cell» ամսագրում։ Ալցհեյմերի հիվանդությունը միշտ չէ, որ արտահայտվում է նույն ախտանշաններով։ Որոշ մարդկանց մոտ հետմահու հետազոտության ժամանակ հայտնաբերվում են բնորոշ ախտաբանական փոփոխություններ, թեև կենդանության օրոք նրանց մոտ դեմենցիա չի զարգացել։ Գործառույթների նման պահպանումն անվանում են կոգնիտիվ կայունություն։ Հետազոտողները համեմատել են Նիդեռլանդների ուղեղի բանկի հիպոկամպի նմուշները։ Վերլուծության մեջ ներառվել են երեք խմբեր՝ առանց ախտաբանական փոփոխությունների դոնորներ, Ալցհեյմերի հիվանդությամբ պայմանավորված դեմենցիայով պացիենտներ և ախտաբանական փոփոխություններ ունեցող, բայց ճանաչողական ունակությունները պահպանած անձինք։ Գեների ակտիվության վերլուծության և հատուկ հաշվարկային մեթոդների օգնությամբ գիտական խումբը հայտնաբերել է հազվադեպ բջիջներ՝ անհաս նեյրոններին բնորոշ հատկանիշներով։ Դրանք գրանցվել են բոլոր երեք խմբերում, այդ թվում՝ 80-ից բարձր միջին տարիք ունեցող դոնորների մոտ։ Գիտնականներն ակնկալում էին, որ դեմենցիայի նկատմամբ կայուն մարդկանց մոտ նման բջիջները զգալիորեն ավելի շատ կլինեն։ Սակայն քանակական տարբերությունները սպասվածից փոքր են եղել։ Առավել ակնհայտ տարբերությունն ի հայտ է եկել մոլեկուլային մակարդակում. կայուն դոնորների մոտ ավելի լավ են պահպանվել բջիջների գոյատևման և վնասվածքներին արձագանքելու գործընթացները, իսկ բորբոքման ու բջիջների մահվան ազդանշանները՝ եղել են ավելի թույլ։ Հեղինակները ենթադրում են, որ անհաս նեյրոնները կարող են աջակցել շրջակա հյուսվածքին և օգնել պահպանել նյարդային ցանցերի աշխատանքը։ Անհաս բջիջների առկայությունը դեռ չի փաստում, որ դրանք վերջերս են գոյացել, կամ որ տարեց ուղեղում շարունակաբար նոր նեյրոններ են առաջանում։ Հետագա աշխատանքը պետք է պարզի, թե ինչպես են այդ բջիջները փոխազդում հարևան բջիջների հետ, և արդյոք նրանք իսկապես մասնակցում են դեմենցիայից պաշտպանության գործընթացին։
Վերլուծություն
Դեմենցիայի նկատմամբ կայուն մարդկանց մոտ անհաս նեյրոններն այլ կերպ են գործում․ Cell Stem Cell

Սկզբնաղբյուր: KARTSIQ