Լևոն Քոչարյանը «24 News»-ի տաղավարում (18:19–20:21 րոպեներին) հայտարարում է, թե 2021 թվականի Դիմադրության շարժման ժամանակ հիմնականում «իրենք ու դաշնակցականներն են եղել»։ Հարց է առաջանում՝ քանի՞ հոգով էիք դուք՝ Քոչարյանի մի քանի աջակիցներով, որ նման հայտարարություն եք անում։ Այսպիսի հայտարարություններով փորձ է արվում խեղաթյուրել ժամանակագրական փաստերն ու իրականությունը։ Անտեսվում է հազարավոր մարդկանց և, առաջին հերթին, Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչների տքնաջան աշխատանքը, որոնք Դիմադրության շարժման ծանրության զգալի մասը վերցրել էին իրենց ուսերին։ Սերժ Սարգսյանի ողջ թիմը՝ իր գլխավորությամբ, մասնակցել է պայքարին։ Թիմի բազմաթիվ ներկայացուցիչներ ձերբակալվել են, ենթարկվել ճնշումների և ամբողջական պատասխանատվություն վերցրել իրենց վրա՝ շարունակելով պայքարը մինչև այն պահը, երբ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վրանները հավաքելու մասին։ Սակայն քոչարյանական թևի համար արդեն սովորություն է դարձել խեղաթյուրել պատմական փաստերը և փորձել դրանք վերաշարադրել։ Նույն տրամաբանությամբ նրանք փորձում են վերաշարադրել նաև 2018 թվականի իրադարձությունները՝ իրենց՝ Նիկոլին իշխանության բերելու մոլուցքը թաքցնելով կեղծ լուրերի և իրականությունը խեղաթյուրված տեղեկությունների քողի տակ՝ տպավորություն ստեղծել, թե իբր «Նիկոլ բերողներին» պետք է փնտրել այլ տեղերում՝ փորձելով քողարկել հենց իրենց, իրենց ընտանիքի ու թիմակիցների դերը, որոնք ժամանակին ամեն ինչ արեցին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը գա իշխանության։ Այսօր փորձ է արվում վերաշարադրել պատմությունը, սեփականացնել Դիմադրության և մյուս շարժումները՝ ուրանալով հանրապետականների, ընդդիմադիր այլ կուսակցությունների ու նախաձեռնությունների հսկայական աշխատանքը։ Սա է քոչարյանական քարոզչության իրական դեմքն ու կեղծիքը։