Օրվա լրահոսը կարող է մեզ ստիպել մոռանալ նույնիսկ ամենակարևոր ամսաթվերը։ Բայց 2022 թվականի հոկտեմբերի 6-ը մոռանալու իրավունք չունենք։ Այդ օրը Պրահայում սկսվեց մի գործընթաց, որի քաղաքական հետևանքը մեկ տարի անց դարձավ Արցախի հայաթափումն ու Ադրբեջանի վերահսկողության հաստատումը։ Պրահայում Հայաստանի իշխանությունը համաձայնեց Ալմա-Աթայի հռչակագիրը դարձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հիմք՝ փոխադարձ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչմամբ։ Պրահայի պաշտոնական հայտարարության մեջ Արցախը չկար։ Թեև Հայաստանի իշխանությունն այդ պահին դեռ հայտարարում էր, որ Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը կարևոր են, հետագա քաղաքական գործընթացում Ալմա-Աթան դարձավ նոր հիմնավորում, իսկ Արցախի կարգավիճակի հարցը աստիճանաբար դուրս մղվեց Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների կենտրոնից։ Դեպքերի հաջորդականությունը խոսուն է․ Պրահայում դրվեց հիմքը, Ալմա-Աթայով այն ստացավ քաղաքական ձևակերպում, Արցախի հարցը դուրս մղվեց բանակցային օրակարգից, իսկ 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական ուժով դրեց այդ գործընթացի վերջակետը։ Այս հաջորդականությունը ցույց է տալիս, որ Պրահայից հետո տեղի ունեցածը պատահական կամ իրավիճակային որոշումների շարք չէր։ Հայաստանի իշխանությունն աստիճանաբար փոխեց Արցախի հարցի նկատմամբ իր քաղաքական դիրքավորումը՝ ընդունելով նոր բանակցային տրամաբանություն, որի կենտրոնում Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն էր։ 2023-ի սեպտեմբերին Հայաստանի իշխանությունն արդեն վերահաստատում էր Պրահայի պայմանավորվածություններն ու Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը։ Դրանից հետո Ադրբեջանը ռազմական ուժով ավարտեց այն գործընթացը, որի քաղաքական նախադրյալները ձևավորվել էին նախորդ փուլում։ Հետագայում Փաշինյանը դեռ շատ է խոսելու, արդարանալու, ինչպես իրենք են սիրում ասել, ինքնահայեցվելու, և փորձելու կատարվածը ներկայացնել որպես անխուսափելի՝ պնդելով, թե Արցախը «մեր վզին գցված թոկ» էր, թե այն հանձնված էր դեռ 1991-ին, կամ թե «Արցախը հանձնեցինք, որ Հայաստանը պահենք»։ Բայց, իրականում, քաղաքական պատասխանատվությունը չի վերանում պատմությունը հետադարձաբար վերաշարադրելով։ Ըստ էության՝ պատերազմը սկսեց Ադրբեջանը, սակայն այն քաղաքական դաշտի ձևավորման համար, որի պայմաններում Արցախի հարցը դուրս մղվեց Հայաստանի բանակցային օրակարգից, առաջին հերթին պատասխանատու էր ՀՀ իշխանությունը։ Այդ պատճառով 2022-ի հոկտեմբերի 6-ը պետք է դիտարկել ոչ թե որպես հերթական բանակցային հանդիպում, այլ որպես քաղաքական շրջադարձ։ Հենց սյդ օրը Արցախը ֆիզիկապես չհանձնվեց, բայց փաստացի սկսվեց դրա քաղաքական հանձնումը։ Ուստի գլխավոր հարցն այսօր ոչ միայն այն է, թե ինչո՞ւ կորցրինք Արցախը, այլ՝ ո՞վ և ի՞նչ քաղաքական որոշումներով ստեղծեց այն ճանապարհը, որի վերջում Արցախն այլևս չկար Հայաստանի բանակցային օրակարգում։ Այդ ճանապարհի առաջին հստակ քաղաքական հանգույցը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահա՛ն էր։