ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը նախազգուշացրել է Երևանին ռուսական ձեռնարկությունների նկատմամբ ռեյդերական զավթումներից ձեռնպահ մնալու վերաբերյալ։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։ «Հայաստանի տնտեսության համար նման մարտավարությունը փաստացի կնշանակի «կրակել սեփական ոտքին»՝ հաշվի առնելով, որ ռուսական բիզնեսը հանրապետությունում տասնյակ հազարավոր աշխատատեղեր է ստեղծել, օրինական հիմքերով արդյունավետորեն կառավարում է իր ակտիվները և զգալի ներդրում ունի Հայաստանի ՀՆԱ-ի ձևավորման գործում»,-նրա խոսքերն է մեջբերել Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը։ Շևցովը հայտարարել է՝ նշաններ կան, որ հանրապետության ներքին արդյունաբերական և ենթակառուցվածքային օբյեկտները կարող են դառնալ հաջորդ թիրախները։ Ներկայումս շրջանառվում են պնդումներ՝ կապված ֆինանսավորման խնդիրների, ներդրումային միջավայրի վրա բացասական ազդեցության, դրանց գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի և աշխատողների ցածր աշխատավարձերի հետ։ «Սա արվում է ռուսական ակտիվների արժեքը նվազեցնելու և սեփականատերերին դրանցից ազատվել հարկադրելու նպատակով»,-հավելել է նա։