ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը օրենքով սահմանված կարգով քրեակատարողական հիմնարկներում ստանում է անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն։ Այս մասին հայտարել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։ «Գագիկ Խաչատրյանը և, առհասարակ, ազատազրկված անձինք օրենքով սահմանված կարգով քրեակատարողական հիմնարկներում ստանում են անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն և սպասարկում, անհրաժեշտության դեպքում ուղեգրվում են նեղ մասնագիտական բժշկական զննության: Խնդրում ենք զերծ մնալ ավելորդ շահարկումներից»,–գրել է Ծատրյանը։ Այսօր ավելի վաղ Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմը հայտարարել էր, որ Խաչատրյանը կալանավորումից և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ տեղափոխվելուց 16 օր անց դեռ չի ստացել իր առողջական վիճակին համապատասխան բժշկական օգնություն։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Խաչատրյանը ձերբակալվել է և տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտե։ Նրա փաստաբանական խումբը կադրեր է հրապարակել՝ նշելով, որ Խաչատրյանի բուժման համար ներպետական իրավական հասանելի միջոցները փաստացի սպառվել են, իսկ նախկին պաշտոնյայի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Ըստ փաստաբանական խմբի՝ դեռ 2015 թվականին Խաչատրյանի մոտ ախտորոշվել է ողնաշարի ստենոզ։ Նրա պարանոցում տեղադրված են հատուկ իմպլանտներ, որոնք, փաստաբանների պնդմամբ, Հայաստանում չեն կիրառվում։ Սեպտեմբերի 2-ին ՊԵԿ նախկին նախագահը 2 ամսով կալանավորվել է։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։ Գործի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել Խաչատրյանի, նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերության գրասենյակներում և մասնաճյուղերում։