Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Գերմանիա՝ Վիսբադեն, որտեղ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում նրան հանձնվել է Հեսսեյան Խաղաղության մրցանակը՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար: Փաշինյանը Մայնի Ֆրանկֆուրտի արդյունաբերության եւ առեւտրի պալատում հանդիպելու է նաեւ տեղի գործարարների հետ (Վիսբադենը գտնվում է Ֆրանկֆուրտի հարեւանությամբ), գրում է «Հետքը»։ Առավոտյան Փաշինյանը տեսանյութ հրապարակել օդանավի սրահից, որտեղ երեւում են պատվիրակության անդամները, այդ թվում՝ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը: Տեսանյութից հասկանալի է, որ խոսքը բիզնես դասի օդանավի մասին է: Ֆրանկֆուրտում վայրէջք կատարելուց 20 րոպե անց Ն. Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հեգնանքով գրել է. «Պատերազմի եռագլուխ կուսակցությանը հարող լրատվամիջոցների հարցերին ի պատասխան, թե ում է պատկանում օդանավը, որով այսօր մեկնել եմ Գերմանիա, պատասխանում եմ. իմ անձանական օդանավն է։ Նախորդ շաբաթ լրիվ պատահաբար իմացա, որ պապս է ժառանգություն թողել։ Հիմա փորձում ենք թղթերը դասավորել։ Այս տեղեկատվությունը հետաքննելու ցանկացած փորձ համարում եմ քաղաքական հաշվեհարդար, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում, ժողովրդավարության պանիխիդա»: Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված կադրերում չի երեւում ինքնաթիռի գրանցման համարը, ինչը դրա նույնականացման առաջին ու ամենահեշտ եղանակն է: Սակայն հայկական ավիացիային հետեւողների համար օդանավի տեսքից դժվար չէր կռահել, որ սա իշխանամետ գործարար, 2021-2026 թթ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Gulfstream G450 տիպի բիզնես ջեթն է, որի սեփականատերը, ըստ «Ֆլայուան Արմենիա» ընկերության, ինքն է: Հիշեցնենք՝ «Ֆլայուան Արմենիայի» 50 %-ը պատկանում է Խաչատուր Սուքիասյանի եղբայրներից Էդուարդ Սուքիասյանին, 4 %-ը՝ ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանին, մնացած 46 %-ը՝ մոլդովական Fly One ավիաընկերությանը: Այսինքն՝ Է. Սուքիասյանը ավիաընկերության ամենախոշոր սեփականատերն է: Հիշեցնենք, որ այս օդանավի գնման մասին «Ֆլայուան Արմենիան» հայտարարել էր 2023-ի նոյեմբերին: Սակայն ինքնաթիռը գրանցվել է ոչ թե Հայաստանում, որը 2020-ից գտնվում է ԵՄ ավիացիոն «սեւ ցուցակում», ինչի պատճառով ՀՀ գրանցումով օդանավերը չեն կարող մտնել ԵՄ երկինք, այլ ԵՄ անդամ Ռումինիայում: Օդանավի շահագործողը մոլդովական Fly One ավիաընկերության ցանցի անդամ մեկ այլ փոխադրող է՝ ռումինական FlyOne Romania-ն: Հատկանշական է նաեւ օդանավի գրանցման համարը՝ YR-SIL, որտեղ YR-ն Ռումինիայի ազգային նիշն է (ՀՀ-ինը EK է), իսկ SIL-ը (Սուքիասյանների «ՍԻԼ Կապիտալ» ընկերության անունից)՝ կոնկրետ այս օդանավի գրանցման համարը: YR-SIL-ը Երեւան կվերադառնա այսօր: Երեկ Փաշինյանը որոշում է կայացրել Գերմանիա ՀՀ կառավարական պատվիրակություն գործուղելու մասին: Իր աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցին նա հանձնարարել է այսօր չվերթ կազմակերպել Երեւան-Մայնի Ֆրանկֆուրտ-Երեւան երթուղով։ Իսկ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահին հանձնարարել է այդ հարցում աջակցել իր աշխատակազմին: Որոշման համաձայն՝ չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը պետք է կատարվեն ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին: Ըստ նույն որոշման՝ Ն. Փաշինյանի, ինչպես նաեւ նրա աշխատակազմի ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը, ինչպես նաեւ հուշանվերների ձեռքբերման ու թարգմանչական ծառայության հետ կապված ծախսերը վճարվելու են իր աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին: Վերոնշյալ անձանց եւ թարգմանչի գիշերավարձի, ինչպես նաեւ պատվիրակության ներկայացուցչական եւ փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը պետք է վճարվեն ԱԳՄԱ նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին: Ինչ վերաբերում է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին ու նույն նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանին, ապա նրանց ծախսերը պետք է փակվեն համապատասխանաբար նախարարության եւ նշված ծառայության միջոցների հաշվին: Այլ կերպ ասած՝ բոլոր ծախսերը կատարվելու են պետբյուջեից: Ինչու՞ Փաշինյանը չի մեկնել ՀՀ պետական օդանավով Հայաստանում կա պետական (ոչ ռազմական) ենթակայության ընդամենը մեկ ինքնաթիռ՝ ՀՀ կառավարական Airbus A319 ACJ օդանավը, որը VIP սրահով բորտ է (գրանցումը՝ «Հայաստանի Հանրապետություն 701». պետական օդանավերի համար չի կիրառվում EK ազգային նիշը. այն միայն քաղաքացիական ավիացիայի համար է): Այն 2007 թվականից պատկանում է ՀՀ-ին եւ սպասարկում է երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին: Հարկ է նկատել, որ 2023-ի սեպտեմբերից Սուքիասյանների «Ֆլայուան Արմենիան» է շահագործում ՀՀ պետական օդանավը (մինչ այդ «Ֆլայ Արնան» էր): 1998 թ. արտադրության A319-ն այս տարվա մայիսի 6-ին Երեւանից թռել է Բուլղարիա մայրաքաղաք Սոֆիա՝ տեխսպասարկման, սակայն մինչ օրս չի վերադարձել: Այս պայմաններում պետական բորտի շահառու պաշտոնյաները արտերկիր են մեկնում քաղաքացիական օդանավերով՝ կա՛մ իբրեւ ուղեւոր, կա՛մ ամբողջ ինքնաթիռը վարձակալելով: Ինչ վերաբերում է Սուքիասյանների բիզնես ջեթին, ապա այն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկելու փորձ ունի։ Մասնավորապես՝ այս տարվա մարտի 22-ին նախագահ Վահագն Խաչատուրյանի պատվիրակությունը դրանով մեկնել էր Թբիլիսի՝ մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի հուղարկավորության արարողությանը: Նույն օդանավը մարտի 26-27-ին Երեւան-Շիմքենդ-Երեւան չվերթով տեղափոխել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի պատվիրակությանը: