ԱՄՆ հետախուզական ծառայությունները ենթադրում են, որ չինացի մասնագետները հնարավորություն կստանան ուսումնասիրելու F-35 կործանիչ-ռմբակոծիչները, եթե Վաշինգտոնը դրանք վաճառի Սաուդյան Արաբիային։ Այս մասին գրում է «The New York Times» պարբերականը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ հետախուզության վերլուծաբանները կանխատեսում են, որ Չինաստանը կկարողանա տիրապետել F-35-ի տեխնոլոգիաներին՝ Սաուդյան Արաբիայում լրտեսություն իրականացնելու կամ թագավորության հետ ռազմական ու անվտանգային ոլորտներում գործակցության միջոցով։ Նույն ռիսկերի մասին հատուկ ծառայությունները զգուշացրել էին դեռ 2020 թվականին, երբ ԱՄՆ-ը, Իսրայելի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակում, քննարկում էր Էմիրություններին F-35-ներ վաճառելու հարցը։ Արդյունքում Վաշինգտոնը հրաժարվել էր գործարքից։ Հետագայում՝ դեռևս 2025 թվականի աշնանը, երբ ամերիկյան վարչակազմը քննարկում էր Էր Ռիադին այս ինքնաթիռների վաճառքի հարցը, ԱՄՆ պաշտպանության նախարարության Հետախուզական վարչությունը նմանատիպ մտահոգություններ էր հայտնել նաև Սաուդյան Արաբիայի վերաբերյալ։ Այս անգամ Հետախուզական վարչության վերջին զեկույցում Պենտագոնի պաշտոնյաներն ուշադրություն են հրավիրել սաուդյան ռազմակայաններում չինացի զինվորականների ունեցած հասանելիության և հեռահաղորդակցության ոլորտում թագավորության կողմից չինական տեխնոլոգիաների կիրառման վրա։ Ամերիկյան հետախուզությունում հարց է բարձրացվել՝ արդյո՞ք ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան կկարողանան ապահովել F-35-ի տեխնոլոգիաների գաղտնիությունը, հատկապես ռադարների և դիտարկման միջոցների մասով։ Հետախուզական գերատեսչությունում հորդորել են երաշխավորել, որ միայն ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի զինվորականներն ու նրանց կապալառուները հասանելիություն կունենան այն օբյեկտներին, որտեղ տեղակայվելու են F-35-ները։ Ըստ «NYT»-ի՝ ԱՄՆ հետախուզական ծառայությունները վստահ չեն, որ սաուդյան հրամանատարությունը կհամաձայնի սահմանափակել շփումները չինացի զինվորականների ու հետախույզների հետ, ինչպես նաև ռազմական օբյեկտներից և հեռահաղորդակցության ցանցերից հեռացնել չինական «Huawei» ու «ZTE» ընկերությունների արտադրության սարքավորումները։ Բացի այդ, Սաուդյան Արաբիան Չինաստանից բալիստիկ հրթիռներ է գնում. Պեկինը նաև օգնում է Էր Ռիադին յուրացնել դրանց արտադրության տեխնոլոգիաները, գործարաններ կառուցել և վարժվել այդ զինատեսակի կիրառմանը։ Սաուդյան Արաբիային F-35-ների վաճառքի կապակցությամբ մտահոգություններ էր հայտնել նաև Իսրայելը, որը Մերձավոր Արևելքում այս կործանիչ-ռմբակոծիչները շահագործող միակ երկիրն է։ «NYT»-ն նշում է, որ հակառակ Իսրայելին տրամադրվող ռազմական օգնությունը սահմանափակելու՝ ամերիկացի քաղաքական գործիչների կոչերին, պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարող է շրջանցել Կոնգրեսում համապատասխան պայմանագրերի հաստատման գործընթացը և արագացված կարգով զենք մատակարարել իսրայելական կողմին։ Կոնգրեսականների կողմից Էր Ռիադի հետ նմանօրինակ համաձայնագրի հաստատումը մերժելու դեպքում Ռուբիոն կարող է դիմել նույն մեթոդին։ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը փորձում է մեծացնել թագավորության ռազմական ներուժը՝ հութիների հետ փոխադարձ հարվածների վերսկսման ֆոնին։
Международные новости
ԱՄՆ հետախուզությունը կասկածներ ունի Սաուդյան Արաբիային F-35 կործանիչներ վաճառելու հարցում՝ Չինաստանի գործոնի պատճառով․ NYT

Источник: KARTSIQ