Իրանի և Թուրքիայի ներքին գործերի նախարարները Անկարայում կայանալիք համատեղ հանդիպման ընթացքում կքննարկեն սահմանի հատման, անվտանգության, առևտրային փոխանակման և ահաբեկչության դեմ պայքարի հարցերը, հայտնել է Իրանի ՆԳ նախարար Էսքանդար Մոմենին, հաղորդում է Mehr-ը։ Նրա խոսքով՝ երկու երկրների ներքին գործերի նախարարությունների համատեղ նիստերը, որպես կանոն, անցկացվում են տարին մեկ անգամ։ Նախորդ տարի հանդիպումը կայացել էր Թեհրանում, իսկ այս տարի, գերատեսչությունների պայմանավորվածության համաձայն, այն հյուրընկալում է Անկարան։ Բանակցությունների ընթացքում կողմերը կանդրադառնան երկու նախարարությունների իրավասության տակ գտնվող հարցերի լայն շրջանակի։ Դրանց թվում են սահմանային անցակետերի աշխատանքը, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը, անվտանգության ապահովումը, առևտրային փոխանակումներն ու կազմակերպված հանցավորության դեմ մղվող պայքարում իրականացվող համագործակցությունը։ Մոմենին ընդգծել է, որ Իրանի և Թուրքիայի հարաբերությունները խոր պատմական արմատներ ունեն և հենվում են երկու ժողովուրդների մշակութային կապերի վրա։ «Թուրքիան մեր բարեկամ ու եղբայրական երկիրն է, ուստի այս այցն առանձնահատուկ կարևորություն ունի», — հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարարը։