Եմենի հութիների հետ հարվածներ փոխանակող Սաուդյան Արաբիան, զավթիչ-կալանող հրթիռների սեփական պաշարների անբավարարության պատճառով, ստիպված է եղել ՀՕՊ ոլորտում աջակցություն խնդրել Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Եգիպտոսից և Պակիստանից։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը՝ հղում անելով տարածաշրջանային երկու պաշտոնյաների։ Նրանց փոխանցմամբ՝ Էր Ռիադը խնդրել է այդ երկրներին տարածաշրջան ուղարկել ՀՕՊ միջոցներ՝ հութիների և իրանամետ այլ խմբավորումների արձակած հրթիռներից ու դրոններից պաշտպանվելու համար, քանի որ հիմնական մատակարարի՝ ԱՄՆ-ի հակահրթիռների պաշարները նույնպես սպառվել են Իրանի դեմ ռազմական գործողության պատճառով։ Գործակալության զրուցակիցներից մեկը պարզաբանել է, որ Սաուդյան Արաբիան բարդ իրավիճակում է հայտնվել, քանի որ ստիպված է պաշտպանել ոչ միայն ռազմական օբյեկտները, այլև նավթային ենթակառուցվածքները։ Մեկ այլ աղբյուր էլ հավելել է, որ Էր Ռիադը փորձում է հութիների դեմ միջազգային կոալիցիա ձևավորել, սակայն առայժմ հնարավորություն է տալիս դիվանագիտությանը։ AP-ի ևս երկու զրուցակից հայտնել են, որ անցյալ շաբաթ ԱՄՆ-ի և հութիների ներկայացուցիչները հանդիպել են Օմանում՝ տարածաշրջանային լարվածությունը քննարկելու համար։ Թուրք անանուն պետական պաշտոնյան նշել է, որ Անկարան բանակցություններ է վարում Իրանի և ԱՄԷ-ի հետ՝ իրավիճակը կայունացնելու նպատակով։ Միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը ավելի վաղ կնքել էին Մեքքայի պաշտպանական համաձայնագիրը։ Սակայն Թուրքիայի և Պակիստանի իշխանությունների ներկայացուցիչները AP-ին հայտնել են, որ թագավորությունից օգնություն ցուցաբերելու պաշտոնական հարցում դեռևս չեն ստացել։ Անցած շաբաթ Իրանի կողմից աջակցվող հութիական ուժերը կառավարական զորքերից հետ են խլել Կարմիր ծովում Եմենի ողջ ափամերձ գոտին, ներառյալ Մոխա և Դուբաբ նավահանգստային քաղաքները, Մուրադ բնակավայրը, ինչպես նաև Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մեջտեղում գտնվող ռազմավարական Փերիմ կղզին, ինչը նրանց հնարավորություն է տալիս վերահսկել տարածաշրջանի միջազգային նավագնացությունը։ Այժմ Եմենի խոշոր Թաիզ քաղաքի համար հութիական ջոկատները մարտեր են մղում Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող կառավարական զորքերի դեմ։
Международные новости
Ռիյադը հակաօդային պաշտպանության միջոցներ է խնդրել եվրոպական որոշ երկրներից, Եգիպտոսից և Պակիստանից

Источник: KARTSIQ