Վիսբադենում Հեսսենյան խաղաղության մրցանակն ստանալիս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնած շնորհակալությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հանցակցություն է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրագործված հանցագործություններին։ Սեպտեմբերի 22-ի ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Ընդդիմադիր գործչի խոսքով՝ ողջ աշխարհի աչքի առջև էթնիկ զտում և ցեղասպանություն իրականացրած ադրբեջանցի բռնապետին անդադար փառաբանելն ու նրա գործողությունները լեգիտիմացնելը ոչ այլ ինչ է, քան փաստացի հանցակցություն։ «Փաշինյանն ու Ալիևը հանգիստ կարող էին իրար մեջ կիսել Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանման համար տրվող մրցանակը, բայց ոչ երբեք խաղաղության հաստատման։ Որովհետև, հիշեցնեմ, միայն զանգվածային գաղթի ընթացքում զոհվել է 60 արցախցի։ Այսինքն՝ ստացվում է, որ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ալիևին Լեռնային Ղարաբաղը գրավելու, մի քանի հազար զոհերի և 150000 մարդու բռնի տեղահանման համար»,— նշեց Սաղաթելյանը։ Այսպիսով, ինչպես նկատեց ընդդիմադիր գործիչը, այսօր ոչ միայն չեն պաշտպանվում հայ ժողովրդի շահերը, այլև, ըստ էության, խրախուսվում է նրա նկատմամբ իրականացված ցեղասպանությունը։ «Մենք իզուր չէ, որ անընդհատ կրկնում ենք․ ագրեսորին խաղաղասեր ներկայացնելն ու միաժամանակ մեզ ագրեսոր սարքելն անընդունելի է։ Սրա համար Հայաստանը վճարելու է իր տարածքային ամբողջականությամբ ու ինքնիշխանությամբ։ Որովհետև եթե ընդունում ենք, որ Հայաստանն ագրեսոր է, վաղը մեզ նոր հարձակումներ են սպասվելու։ Հենց սրա մասին ենք մենք զգուշացնում»,— ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։
Քաղաքականություն
Փաշինյանի քաղաքականության պատճառով Հայաստանը կարող է հատուցել իր տարածքային ամբողջականությամբ և ինքնիշխանությամբ

Սկզբնաղբյուր: KARTSIQ