Սաուդյան Արաբիայի պետական նավթագազային Saudi Aramco ընկերությունն իր եվրոպացի որոշ հաճախորդների տեղեկացրել է, որ հաջորդ ամիս նրանց նավթ չի հատկացվի «Արևելք - Արևմուտք» նավթատարի վրա հարձակումից հետո, հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։ «Saudi Aramco-ն առնվազն երկու եվրոպական նավթավերամշակման ձեռնարկության հայտնել է, որ հաջորդ ամիս նրանց հում նավթ չի հատկացվի այն բանից հետո, երբ թագավորության՝ Կարմիր ծով տանող կարևոր նավթատարը ենթարկվել է հարձակման»,- հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ Եվրոպացի գնորդները սովորաբար սաուդյան նավթը ստանում են ժամկետային պայմանագրերով, որոնք ամեն ամիս ապահովում են կայուն մատակարարումներ։ Սակայն հաջորդ ամիս նման մատակարարումներ չեն լինի, և այդ որոշումը վերաբերում է բոլոր եվրոպացի գնորդներին, գործակալությանը հայտնել են անանուն աղբյուրները։ Ընկերությունը չի պատասխանել Bloomberg գործակալության՝ սովորական աշխատանքային ժամերից դուրս ուղարկված մեկնաբանության մասին հարցմանը, նշվել է հոդվածում։ Ավելի վաղ՝ սեպտեմբերին, Reuters գործակալությունը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան իր եվրոպացի հաճախորդներին տեղեկացրել է սեպտեմբերի վերջին մատակարարումների մի մասի չեղարկման մասին։ Սաուդյան Արաբիայում «Արևելք - Արևմուտք» նավթատարով նավթի մղումը դադարեցվել է նրան հասցված մի քանի հարվածներից հետո, ուրբաթ հայտնել է թագավորության էներգետիկայի նախարարությունը։ Թագավորության ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել է, որ հարվածները հասցվել են Իրաքից արձակված անօդաչուներով։
Միջազգային լուրեր
Bloomberg. Saudi Aramco-ն հաճախորդներին հայտնել է, որ հոկտեմբերին նավթ չի մատակարարի նրանց

Սկզբնաղբյուր: KARTSIQ