Հայաստանում հավանության է արժանացել ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդրված սոցիալական ծախսերի շրջանակն ընդլայնելու մասին օրենսդրական նախագիծը։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 17-ի նիստում։ Մասնավորապես, նախատեսվում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում և սահմանել, որ սոցիալական ծախսերի թվին են դասվելու նաև այն միջոցները, որոնք ֆիզիկական անձն անհատույց փոխանցել է հասարակական կազմակերպություններին, մեդիա գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց (անհատ ձեռնարկատերերին) կամ քաղաքական կուսակցություններին։ Բացի այդ, առաջարկվում է սահմանել, որ սոցիալական ծախսերի առավելագույն չափը կսահմանի Կառավարությունը։