Բրիտանացի զինվորականներն առաջին անգամ ծանր տորպեդ են արձակել ստորջրյա անօդաչու սարքից, հաղորդում է The i Paper պարբերականը։ Ըստ պարբերականի՝ փորձարկումներն անցկացվել են «Ռուսաստանից եկող աճող սպառնալիքին հակազդելու ջանքերի շրջանակում»։ Տորպեդն արձակել են Մեծ Բրիտանիայի տարածքային ջրերում՝ ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող 12-մետրանոց «Էքսկալիբուր» ստորջրյա դրոնից։ ԱՄՆ-ի և Ավստրալիայի համատեղ մշակած այս անօդաչու սարքը նախատեսված է նավեր և խորջրյա սուզանավեր խոցելու համար։ Այն կարելի է հեռակառավարել գրեթե 10 հազար մղոն հեռավորությունից և այժմ փորձարկումների փուլում է։ Տորպեդի արձակման փորձարկումներն իրականացվել են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ավստրալիայի միջև կնքված AUKUS պաշտպանական գործընկերության շրջանակում։ Այդ ծրագրով նախատեսվում է մշակել նոր սերնդի սուզանավեր, արհեստական բանականության համակարգեր և ստորջրյա անօդաչու սարքեր։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ խոշոր ու թանկարժեք ռազմական հարթակների ստեղծման փոխարեն՝ կենտրոնանալու է անօդաչուների ու ինքնավար համակարգերի զանգվածային տեղակայման վրա, ինչպես նաև խթանելու է ռազմական նորարարությունները։ «Պատերազմ վարելու բնույթը սրընթաց փոխվում է։ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունների ընթացքը կանխորոշում են հենց անօդաչու համակարգերը։ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ այս զարգացող տեխնոլոգիաներում կատարվող խոշորագույն ներդրումները կօգնեն մեր զինված ուժերին առաջ անցնել հակառակորդներից՝ հենվելով մեր պաշտպանական արդյունաբերության լավագույն ձեռքբերումների վրա»,— նշել է Բրիտանիայի ռազմական գերատեսչության ղեկավար Դեն Ջարվիսը։ Ինչպես գրում էր Politico պարբերականը, մինչ օրս Մեծ Բրիտանիայի ռազմական հզորության հիմքը շարունակում են մնալ ռազմածովային ուժերը՝ ավիակիրներն ու սուզանավերը, որոնք ունակ են միջուկային հրթիռներ արձակել։ Սակայն Ուկրաինայում ընթացող պատերազմը, ըստ պարբերականի զրուցակիցների, ի հայտ բերեց թանկարժեք համակարգերի խոցելիությունն ու ցույց տվեց էժան անօդաչուների ու զինամթերքի պաշարների ավելացման, ինչպես նաև արհեստական բանականության վրա հիմնված թիրախավորմանն անցնելու անհրաժեշտությունը։ Իր զինված ուժերի արդիականացման ծրագրի շրջանակում Մեծ Բրիտանիան մտադիր է ավելի քան 5 մլրդ ֆունտ ստերլինգ ներդնել մարտական դրոնների արտադրության մեջ, արագացնել դրանց զանգվածային թողարկումն ու արհեստական բանականության ներդրումը, ինչպես նաև ստեղծել հիբրիդային նավատորմ։ Մասնավորապես, Լոնդոնը նախատեսում է ֆինանսավորել Եվրոպայում դրոնների խոշորագույն փորձարկման կենտրոնի ստեղծումը և ձևավորել հատուկ աշխատանքային խումբ՝ «արտադրության ծավալների անընդմեջ մեծացման» համար, որպեսզի բանակին անօդաչուների մատակարարումն ավելի արագ կազմակերպվի։
International News
The British Army first fired a torpedo from an underwater drone againstthe backdrop of a Russian threat

Source: KARTSIQ