Լեհաստանը որպես պետություն կդադարի գոյություն ունենալ մի քանի օրում, եթե Վարշավան որոշի ռազմական գործողություններ սկսել Ռուսաստանի դեմ։ Սեպտեմբերի 15-ին այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը։ «Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների մեջ Լեհաստանի ներգրավվելու դեպքում մեր երկիրը կկիրառի իր ունեցած ուժերի և միջոցների ողջ զինանոցը, և լեհական պետականությունը կդադարի գոյություն ունենալ երկու-երեք օրում», — մեկնաբանել է նա «aif.ru»-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է լրատվամիջոցի Տելեգրամ-ալիքում։ Նա նշել է, որ Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Ռադոսլավ Սիկորսկու այն հայտարարությունը, թե երկիրը ռազմական առավելություն ունի ՌԴ-ի նկատմամբ, բացարձակապես պրոֆեսիոնալ չի հնչում։ Ըստ նրա՝ լեհ նախարարը չի հասկանում, որ Ռուսաստանի բանակը հատուկ ռազմական գործողության (ՀՌԳ) ընթացքում հեռու է իր ողջ զինանոցն օգտագործելուց։ «Իր հակառուսական մոլուցքի մեջ Սիկորսկին, ինչպես և իր նախորդները, նորից ու նորից ցույց է տալիս Լեհաստանի խաղաղ գոյությունն ու բնակիչների բարեկեցությունն ապահովելու անցանկությունը, և դրա փոխարեն կրկնում է պատմական նույն սխալները», — հայտարարել է Պատրուշևը։ Ռուսաստանի ղեկավարի օգնականը հավելել է, որ Վարշավան մոռացել է պատմության դասերը՝ սկսելով ոտնահարել Լեհաստանը նացիստներից ազատագրելու և պատերազմից հետո երկրի ինքնիշխանությունը վերականգնելու գործում ԽՍՀՄ դերի մասին հիշողությունը։