Վրաստանը միանում է Իրանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցներին և դադարեցնում այդ երկրի հետ ավիահաղորդակցությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Վրաստանը միշտ հաշվի է առնում այս կամ այն երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցային ռեժիմները։ Մենք համապատասխան որոշում ենք կայացրել նաև Իրանի մասով, ինչի վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարությունն արդեն հայտարարություն է տարածել»,- նշել է Կոբախիձեն։ Նա ընդգծել է, որ Վրաստանը երկկողմ պատժամիջոցներ չի սահմանում Իրանի նկատմամբ, քանի որ «դա անհեթեթ ու սխալ քայլ կլիներ»։ «Մենք գործում ենք միջազգային պատժամիջոցների սահմանված ռեժիմի համաձայն»,- ասել է Կոբախիձեն։ Նրա խոսքով՝ նույն մոտեցումն է եղել նաև Ռուսաստանի պարագայում, երբ Վրաստանը երկկողմ պատժամիջոցներ չէր կիրառում։ «Սա մեր ընդհանուր քաղաքականությունն է․ մենք երկկողմ պատժամիջոցներ չենք սահմանում հարևան երկրների նկատմամբ, սակայն հաշվի ենք առնում միջազգային պատժամիջոցների ռեժիմները»,- հավելել է Կոբախիձեն։
International News
Վրաստանը դադարեցրել է Իրանի հետ ավիահաղորդակցությունը

Source: KARTSIQ