Հունգարիայի խորհրդարանն ընդունել է կոմունիստական շրջանի հատուկ ծառայությունների արխիվները գաղտնազերծելու և հրապարակելու մասին օրենք, հայտնում է Democrata պարբերականը: Խոսքն այն նյութերի մասին է, որոնք վերաբերում են մինչև 1990 թվականը գործած պետանվտանգության մարմիններին, երբ Հունգարիան Խորհրդային Միության ազդեցության գոտում էր և ղեկավարվում էր կոմունիստական վարչակարգի կողմից: Ըստ նոր օրենքի՝ նախ կվերանայվի փաստաթղթերի գաղտնիության աստիճանը, որից հետո այն նյութերը, որոնց հրապարակումն օրենքով արգելված չէ, կտեղադրվեն թվային ձևաչափով: Այս նպատակով Հունգարիայի պետանվտանգության ծառայությունների պատմության պետական արխիվը պետք է ստեղծի հատուկ համակարգ, որը հնարավորություն կտա առցանց որոնել և գտնել անհրաժեշտ փաստաթղթերը: Գործընթացն իրականացվելու է փուլ առ փուլ: Առաջին փաստաթղթերը նախատեսվում է հանրայնացնել հոկտեմբերին՝ 1956 թվականի Հունգարական հեղափոխության 70-րդ տարելիցի ընդառաջ: Օրենքը սահմանում է, որ արխիվների հրապարակումը շարունակվելու է նաև այդ ամսաթվից հետո: Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը խորհրդարանի այս որոշումը որակել է որպես մի խոստման կատարում, որն ավելի քան երեք տասնամյակ չէր հաջողվում իրագործել: Օրենքի ընդունումից հետո նա հայտարարել է, որ փաստաթղթերը հասանելի են դառնում «36 տարվա ուշացումով»՝ միաժամանակ մեղադրելով նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցությանն այն բանի համար, որ վերջինիս ներկայացուցիչները չեն աջակցել այս նախաձեռնությանը։ Ընդունված օրենքը նաև ընդլայնում է քաղաքացիների հնարավորությունները՝ տեղեկություններ ստանալու իրենց հանդեպ պետանվտանգության մարմինների կողմից իրականացված հետապնդումների կամ գաղտնի հսկողության վերաբերյալ: Մասնավորապես, օրենքով նախատեսված դեպքերում մարդիկ կկարողանան պարզել այն անձանց ինքնությունը, որոնք համագործակցել են հատուկ ծառայությունների հետ կամ պաշտոնապես աշխատել են այնտեղ ու զբաղվել իրենց գործով: Հունգարիայի իշխանությունները նշում են, որ մինչ օրս չի հաջողվել ապահովել կոմունիստական շրջանի հատուկ ծառայությունների արխիվների ամբողջական հասանելիությունը: Ըստ օրենքի պաշտոնական հիմնավորման՝ փաստաթղթերի զգալի մասը շարունակում էր գաղտնի մնալ, իսկ դրանց համակարգված ու ամբողջական վերանայում երբևէ չէր իրականացվել: Հունգարիան բազմակուսակցական ժողովրդավարության անցում է կատարել 1989–1990 թվականներին: Նոր օրենքը կոչված է քաղաքական համակարգի փոփոխությունից ավելի քան 35 տարի անց հանրությանը հասանելի դարձնել նախկին վարչակարգի պետանվտանգության մարմինների գործունեությանը վերաբերող փաստաթղթերի մեծ մասը:
International News
Hungary to open communist special services archives to the public

Source: KARTSIQ