Եվրահանձնաժողովը (ԵՀ), դաշինքի 2028–2034 թթ․ բյուջեի նախագծման աշխատանքների շրջանակներում, գնահատել է երրորդ երկրներում Եվրամիության (ԵՄ) ներկայացվածության և արտաքին օգնությանն ուղղված ծախսերի մինչև 40 տոկոս կրճատման հետևանքները։ Սեպտեմբերի 22-ին այս մասին հայտնել է Politico պարբերականը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաների և դիվանագետների շրջանում իր աղբյուրները։ Խոսքը վերաբերում է «Գլոբալ Եվրոպա» ծրագրի ֆինանսավորման կրճատման հիպոթետիկ տարբերակին։ Նախատեսվում է, որ 2028 թվականից սկսած այս ծրագրին կհատկացվի շուրջ 80 մլրդ եվրո։ Ինչպես ցույց են տվել ԵՀ-ի հաշվարկները, բյուջեի կրճատման դեպքում վտանգի տակ կհայտնվեն աշխարհով մեկ սփռված եվրոպական դիվանագիտական առաքելությունների հարյուրավոր աշխատակիցներ։ Նման սցենարի պարագայում կկրճատվեն դաշինքի արտաքին քաղաքականության համար պատասխանատու ստորաբաժանումներն ամբողջ աշխարհում, ներառյալ՝ ընդլայնման ծրագրերն ու անդամակցության թեկնածու երկրների հետ համագործակցությունը: «ԵՄ-ն չի կարող հավակնել համաշխարհային առաջնորդի դերին՝ միաժամանակ դիտարկելով միջազգային համագործակցությանը հատկացվող բյուջեի գրեթե կիսով չափ կրճատման հնարավորությունը»,— հայտարարել է Oxfam միջազգային կազմակերպության ավագ խորհրդական Հաննա Սաարինենը։ Երկու դիվանագետների փոխանցմամբ՝ ԵՄ անդամ պետությունների մայրաքաղաքներում քննարկում են հենց «Գլոբալ Եվրոպայի» հաշվին ծախսերի կրճատումը, քանի որ ներքին քաղաքականության մեջ, օրինակ՝ գյուղատնտեսական սուբսիդիաների, պաշտպանության կամ այլ ոլորտներում տնտեսելու հարցերը դարձել են «չափազանց զգայուն»։ Այս քննարկումներն ընթանում են մի շարք երկրների՝ առաջին հերթին Գերմանիայի պահանջների ֆոնին, որով կոչ է արվում կրճատել Եվրահանձնաժողովի առաջարկած ԵՄ 2028–2034 թթ. բյուջեն։ «Գլոբալ Եվրոպա» (Global Europe) ծրագիրը ֆինանսավորում է ԵՄ արտաքին քաղաքական նախագծերը, երրորդ երկրների հետ գործակցությունը և արտերկրում եվրոպական դիվանագիտական ներկայացուցչությունների ծախսերի մի մասը։
Միջազգային լուրեր
ԵՀ-ն ցանկանում է 40%-ով կրճատել օգնությունը և արտասահմանում գտնվող հարյուրավոր աշխատատեղերը

Սկզբնաղբյուր: KARTSIQ