Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը նախատեսվում է սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա աշխատանքներին Լավրովի գլխավորած ռուսական պատվիրակության մասնակցության ընդառաջ այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Կիրիլ Լոգվինովը։ «Որքանով ինձ հայտնի է, Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը ծրագրված է սեպտեմբերի 23-ին»,- նշել է դիվանագետը։ Պատասխանելով ԳԱ-ի շրջանակներում Արևմուտքի երկրների այլ ներկայացուցիչների հետ Լավրովի երկկողմ հանդիպումների հեռանկարների մասին հարցին՝ Լոգվինովը հայտնել է, որ «համապատասխան հարցումների ստացման դեպքում», այդ թվում՝ արևմտյան երկրների ներկայացուցիչներից, ռուսական կողմը «դրանք կդիտարկի՝ հաշվի առնելով Նյու Յորքում նախարարի գտնվելու ժամանակացույցը»։ «Մենք հանդիպումներից երբեք չենք հրաժարվել»,- եզրափակել է նա։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկումները մեկնարկում են երեքշաբթի օրը Նյու Յորքում։ Առաջիկա շաբաթվա ընթացքում աշխարհի շուրջ 130 առաջնորդներ կհավաքվեն համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում, որտեղ Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում շարունակվող հակամարտությունների, արհեստական բանականության շուրջ քննարկումների և հենց ՄԱԿ-ի ապագայի ֆոնին կներկայացնեն միջազգային հիմնական խնդիրների վերաբերյալ իրենց երկրների դիրքորոշումները։ Ընդհանուր քննարկումները կտևեն սեպտեմբերի 22-ից 26-ը և կավարտվեն սեպտեմբերի 28-ին։