Պետությունների մոտ կա քաղաքական վարքագիծ. եթե դու մի անգամ հաղթել ես, դա չի նշանակում, որ հանգիստ ապրելու ես. դու պետք է ամեն ինչ անես, որպեսզի դիմացի կողմը չկարողանա վերականգնվել, չկարողանա ուժեղանալ, հասնել ռևանշի։ Այս մասին նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։ «Բոլոր, քիչ թե շատ, մի քիչ ուժեղ պետությունները ստեղծում են խնդիրներ մնացած ավելի թույլերի համար, ոչ թե նրա համար, որ չար ու նախանձ են, այլ որովհետև հասկանում են, որ եթե իրենք բաց թողնեն ժամանակը, և իրենք են հայտնվելու բավականին վատ վիճակում։ Քաղաքականությունը մշտական պայքար է, միմիայն հայկական կողմն է, որ մտածում է, որ եթե այ այս կետին հասնենք, դրանից հետո չաղ և երջանիկ բախտավոր մենք կապրենք, մեզ հանգիստ կթողնեն։ Աշխարհում չկա մի դեպք, որ որևէ մի պետության երբևիցե հանգիստ թողել են։ Հիմա Ադրբեջանն էլ դրա համար հայկական կողմին երբևիցե հանգիստ չի թողնելու, անգամ եթե ինչ-որ բան ստորագրվի, վավերացվի, դրանից հետո ինքը մշտապես ստեղծելու է խնդիրներ։ Սա քաղաքականություն է, և եթե դու չես տիրապետում այդ քաղաքականությունը, միշտ քո առաջ կհայտնվեն ադրբեջաններ, որոնք քեզ կկանգնացնեն փաստի առաջ։ Իսկ Ադրբեջանը այս մոդելը հոյակապ հասկացել է։ Հայերը հանգիստ իրենց համար ապրում էին որպես առևտրական Օսմանյան կամ ռուսական կայսրությունում, բայց հենց որ մտան քաղաքականության մեջ ու պարզվեց, որ չեն հասկանում քաղաքականությունից, սկսվեցին ազգային աղետները մեկը մեկի հետևից։ Եթե դուք 1994-ին հաղթանակ էիք տարել, պետք է մշտապես այնպիսի իրավիճակ ստեղծեիք Ադրբեջանի գլխին, որ ինքը ոչ միայն չուժեղանար քեզնից մի քանի անգամ, այլ մշտապես քեզնից կախված վիճակում լիներ։ Տեսեք, Իսրայելը ամեն ինչի գնում է, որպեսզի թույլ չտա իր որևէ հարևան ուժեղանա։ Որովհետև ինքը հասկանում է՝ այսօր կուժեղանա, կարող է ժպտա երեսիդ, կարող է քո ձեռքը սեղմի, բայց հետո խաղի կանոնը կփոխվի, այդ զենքը կօգտագործի քո դեմ։ Հիմա ուզում ես՝ ստորագրի խաղաղության պայմանագիրը, ուզում ես՝ մի ստորագրի, դա չի բերելու խաղաղություն, խաղաղության կարող է բերել միմիայն ուժերի հավասարակշռության վերականգնումը»,–ասաց նա։ Կիրվիրյանը համաձայնեց իշխանական այն տեսակետի հետ, որ քանի դեռ դու թույլ ես, ամեն ինչ պետք է անես պատերազմից խուսափելու համար. «Այլ հարց է, որ դու պետք է այդ ժամանակը ծախսես ներսում տնտեսական և ռազմական առումով վերականգնման համար։ Իրական ընդդիմությունը ոչ թե պետք է իրենից պահանջեր կոշտ հայտարարություն այս կամ այն դեպքի հետ կապված, այլ պետք է պահանջեր ամեն օրը ծախսել երկրի տնտեսական, ռազմական, դեմոգրաֆիկ հզորացման վրա։ Պատկերացրեք 1945–ին պարտությունից հետո Գերմանիայի ղեկավարը կանգներ ՍՍՀՄ-ի հասցեին կոշտ հայտարարություն աներ, ու էնտեղ մի գերմանացի ասեր՝ ինչի՞ կոշտ հայտարարություն չես անում, մի հատ Ստալինի վրա մատ չես թափ տալիս։ Այստեղից է երևում, որ ընդդիմությունը խելապակաս է։ Եթե դու վերականգնված ես, ուժերը հավասարակշռված են, ըստ դրա քո լեզուն էլ է երկարում։ Իսկ եթե դու դրան չես համապատասխանում ու լեզուդ երկարացնում ես, շատ դաժան բամփում են գլխիդ։ Եթե ընդդիմությանը թվում է, որ ադրբեջանցիները կբամփեն զմիայն Նիկոլի գլխին, չարաչար սխալվում է, իրենք կբամփեն հայ ժողովրդի գլխին»,–ասաց նա։
Հայաստան
Նույնիսկ եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, Ադրբեջանը հայկական կողմին երբեք հանգիստ չի թողնելու. Կիվիրյան

Սկզբնաղբյուր: KARTSIQ